ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները վաղվանից ուժի մեջ կմտնեն։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook–ի իր էջում գրել է, որ դրանք քիչ առաջ հրապարակել է պաշտոնական տեղեկագրում։
Ըստ այդ փոփոխությունների` Սահմանադրության 213 հոդվածը շարադրվելու է հետևյալ կերպ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: 2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարած ժամկետը»:
Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` երկամսյա ժամկետում: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Սահմանադրական փոփոխությունների օրենքն ընդունվել է ոչ սահմանադրական ճանապարհով». Խաչիկյան
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:
Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։
ՍԴ–ն չի կարող քննել իր կազմին վերաբերող հարցը. փորձագետը` ստեղծված իրավիճակի մասին
Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:
«Ամոթի զգացում շատ մարդիկ այլ տեղերում պետք է ունենային». Վարդանյանը` Թովմասյանի մասին