ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի ու նախկին ԽՍՀՄ երկրների բնակչության մեծ մասը բավարար պատկերացում ունի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ մեկնաբանելով Sputnik․կարծիքներ հարցման արդյունքները։
Հարցման տվյալները վկայում են, որ յուրաքանչյուր տասներորդ ամերիկացին (11%) կարծում է, որ Երկրորդ համաշխարհայինում Միացյալ Նահանգների հակառակորդը Ռուսաստանն էր, իսկ 5%-ը՝ Չինաստանը։
«Երկրորդ համաշխարհայինի մասին գիտելիքների առումով իրավիճակի հետագա վատթարացման մասին անհանգստությունն օբյեկտիվ է։ Ոչ միայն ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում միջին ու նոր սերունդը բավականին «կծկտուր» ու աղավաղված պատկերացումներ ունի այդ պատերազմի մասին»,- ասաց Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ այդ պատկերացումներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Սուբյեկտիվը նպատակաուղղված աղավաղումն է, պատմությունը կեղծելը, որն իրականացվում է վերջին տարիներին արևմտյան երկրներում, օբյեկտիվ պատճառներից է պարզապես պատմությունը չիմանալն է ու ժամանակակից կլիշեներով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին դատելը։
«Պատերազմի հիշողությունը բացարձակ սրբություն է»․ Պուտինն այցելել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս հրապարակված հոդվածի պատճառներից մեկն էլ, ըստ նրա, երիտասարդ ու միջին սերնդի սխալ պատկերացումներն են 75 տարվա վաղեմության իրադարձությունների մասին։
Այդ պայմաններում մի կողմից պետք է ուժեղացնել կրթական աշխատանքը՝ գիտական մակարդակով իրական պատկերը ներկայացնելու ուղղությամբ, մյուս կողմից, եթե որոշ երկրներ այսօր դիվիդենտներ ստանալու համար որոշել են աղավաղել պատմությունը, ապա դժվար է դրա դեմ ինչ-որ բան անել։
Սաֆարյանի խոսքով՝ նախկին ԽՍՀՄ երկրների բնակչության մեծ մասը լավ գիտի պատմությունը։ Մասնավորապես, հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության մեծ մասը (ավելի քան 50%) բավականին ճշգրիտ պատկերացում ունի Երկրորդ համաշխարհայինի մասին։
Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ, դա մտերմացնում է հետխորհրդային երկրներին, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակում։
Նշենք, որ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդների մասին հարցին ճիշտ պատասխանել են Գերմանիայի և Ճապոնիայի հարցվորների համապատասխանաբար 77% և 67%։ 5%-ը կարծում են, որ ԱՄՆ-ն կռվել է Չինաստանի դեմ։
Հարցման մասնակիցների 69%-ը կա՛մ չգիտի (42%), որ մայիսի 8-ին նշվում է Հաղթանակի օրը (V-EDay), կա՛մ սխալ է պատասխանել հարցին (27%). ընդ որում՝ 63%-ը սահմանել է՝ Հոլոքոստը որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հրեաների ցեղասպանություն է, իսկ 12%-ը գաղափար անգամ չունի այդ բառի մասին։
Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ
Հարցումը Sputnik News-ի համար իրականացրել է IFop հին ֆրանսիական սոցիոլոգիական ընկերությունը 2020 թվականի մայիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 18 –ից բարձր տարիքի 1004 մարդ։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս հավաստիության հավանականությամբ: