ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի, քանի որ օրերս այցելել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու չի մեկուսացել` իմանալով, որ վարչապետ Փաշինյանը կորոնավիրուսով է վարակվել։
Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, քանի որ կոնտակտի դուրս չեմ եկել նրանց հետ։ Այսինքն` եղել եմ իրենց տանը, բայց դիմակ եմ կրել, իսկ տուն մտնելիս ու դուրս գալիս ախտահանել եմ ձեռքերս»,–ասաց Հակոբյանը։
Պատգամավորը նշեց` թիրախային խմբում գտնվող մայր ունի, և անվտանգության նորմերը պահպանում է. Փաշինյանի երեխաներին էլ չի գրկել, երբ այցելել է նրանց։
Հակոբյանն ասաց նաև, որ ԱԺ–ում էլ շփումներն այսօր նվազեցրել է։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի
Հարցին, թե Փաշինյանն ու ընտանիքի անդամները կառավարական ամառանոցո՞ւմ են մեկուսանալու, Հակոբյանը պատասխանեց, որ կարծում է` այո։
Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանը Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի եղբայրն է։
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը