ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ՌԴ նախագահը նախ շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ապա նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:
Հեռախոսազրույցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցության հարցերը: Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանին համաճարակի դեմ պայքարում աջակցելու` Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի. ախտանիշներ չկան
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։
Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։
Հայաստանում հունիսի 1–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 9492 է։ Մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 210 մարդ։