ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. 2020թ-ի հուլիսի 1-ից հետո Հայաստանում կառավարության հաշվարկով պետք է ծնվի 300 երեխա: Նման նպատակ են հետապնդում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ-ի ծրագրերը»:
Ծրագրերը կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով՝ նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ դրանց հիմնական նպատակը սոցիալական աջակցությունից զատ նաև ծնելիության խթանումն է:
«Ծրագիրը կսկսի գործել 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող բնակարանների համար և ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխաներ և որտեղ երեխաներ են ծնվել հուլիսի 1-ից հետո»,- ասաց Բաթոյանը:
Բնակարանների ձեռքբերման պետական ծրագրի համար բնակարանի առավելագույն շուկայական արժեք է սահմանվել 30 մլն դրամը: Իսկ շահառուի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով գումարը կավելանա ևս 5 մլն դրամով:
2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին
Պետական աջակցությունը ենթադրում է կանխավճարի վճարման աջակցություն՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանների համար բնակարանի արժեքի մինչև 10 % -ի չափով, առաջնային շուկայից ձեռքբերվող բնակարանների համար՝ մինչև 7,5 %:
Բնակարան ձեռք բերած ընտանիքում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ դրամական աջակցությունն ամբողջությամբ կուղղվի հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։
Ծրագրի քննարկման ժամանակ կառավարության նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս պայմանները տարածվելու են նաև զինծառայողների բնակապահովման արդեն գործող ծրագրերի վրա: Պարզվեց՝ հարցը ծրագրի հեղինակները չէին դիտարկել:
«Ես խնդրում եմ դա ճշտենք, պարոն վարչապետ, թե չէ բանակն ինձ կգրոհի»,- ասաց Տոնոյանը:
Վարչապետը ծիծաղեց․ «Բա մենք էլ դա ենք ուզում, որ բանակը գրոհի, բայց այլ ուղղությամբ»։
Այնուհետև Փաշինյանը ֆինանսների նախարարին հանձնարարեց՝ ճշգրտել զինծառայողների՝ ծրագրի շահառու հանդիսանալու հարցը:
«Լսում են` 12 երեխա ունենք, հեռախոսն անջատում են». Բեժանյանները կարող են դրսում հայտնվել
«Այսքանից հետո մնում է միայն կարգախոսն էլ հաստատենք. «բոլորս՝ երեխա ունենալու»,- կատակեց վարչապետը։ Կառավարությունը միաձայն հաստատեց առաջարկված ծրագրերի փաթեթը:
Նշենք, որ ծրագրի իրականացման արդյունքում 2020 թվականին նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառու ընտանիքների, կանխավճարի ապահովագրությունն տրամադրել 540 շահառուի և երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։
Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին