ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Գավառում տեղի ունեցած սպանությունների ու հիվանդանոցի վրա հարձակման հարյուրավոր մասնակիցներից 13-ը կալանավորվել են: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություններ է ներկայացրել դատարան բոլոր 15 անձանց վերաբերյալ, բայց դատարանը բավարարել է դրանցից միայն 13-ը:
Քրեական գործով մեղարանք էր առաջադրվել 15 անձի: Նրանցից 14-ը մեղադրվում էր զանգվածային անկարգությունների, 1-ը՝ նաև սպանության փորձի համար:
Եվս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Հիշեցնենք՝ Գավառում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով:
Երևանում թալանել են քննչական վարչության քննիչի բնակարանը
Ավելի ուշ դրանք միավորվել էին մեկ վարույթում: Գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը: Նախաքննությունը շարունակվում է: