ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար դեղորայք է ուղարկել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Emirates News Agency-ն:
Ըստ հաղորդագրության` դեղերի խմբաքանակը շուրջ 7 հազար բժշկի կօգնի պայքարել կորոնավիրուսի դեմ։
Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին նշել է, որ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում այլ պետություններին օգնելը պատիվ է իր երկրի համար:
«Մենք կարծում ենք, որ վիրուսի դեմ հաղթանակը հնարավոր է միայն միջազգային հանրության համատեղ ջանքերի դեպքում», - ասել է Ալ Զաաբին։
Նշվում է, որ ԱՄԷ-ն արդեն ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27 երկիր ՝ այդպիսով աջակցելով գրեթե 314 000 բուժաշխատողի:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1808–ի, 848 մարդ առողջացել է, 29-ը` մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 18547 թեստավորում: