ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսակնան կազմակերպության միջոցով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մեկ ծրագիր, ըստ որի`մինչև հոկտեմբեր Հայաստանը թվայնացված հողագիտական քարտեզներ կունենա։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Հողագիտական քարտեզներում կերևա` որտեղ ինչ հողատեսակներ կան և ներդրողները դրանք ինչի համար կարող են օգտագործել»,–ասաց նա։
Փոխնախարարի խոսքով` այս օրերին մեծ հետաքրքրություն և պահանջարկ կա գյուղատնտեսական ոլորտում կառավարության կողմից տրամադրվող աջակցությունների վերաբերյալ։ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալներով` ավելի քան 13 000 հայտադիմում է ներկայացվել, որի ամբողջ ծավալը կազմում է 27.6 մլրդ դրամ։ Այսօրվա դրությամբ` արդեն իսկ հաստատվել են 2943 հայտ` 4.34 մլրդ դրամային արժեքով։
Խոջոյանը հայտնեց, որ քննարկվում են պետական օժանդակության այլ ծրագրեր նույնպես։ Օրինակ՝ հնարավորություն են տալու, որ ոչ միայն ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողները օգտվեն կառավարության ծրագրերից, այլ նաև նրանք, ովքեր ավանդական այգեգործությամբ են զբաղվում։
Անդրադառնալով միջազգային կառույցների հետ համագործակցությանը և դրա հետևանքով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությանը` Խոջոյանն ընդգծեց, որ Համաշխարհային բանկը 550 մլն դրամի դրոմաշնորհ կտա առնվազն 30 վերամշակող կազմակերպությունների` արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար։ Դրամաշնորհին դիմելու համար մրցույթն արդեն իսկ հայտարարվել է։ Նույն ծրագրի շրջանակում 39 կոոպերատիվի կտրամադրվի 190 միավոր գյուղտեխնիկա։
ԵՄ–ի «Կանաչ գյուղատնտեսական նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրով Հայաստանին 460 000 եվրո կտրամադրվի։ Իսկ ՄԱԿ–ի Զարգացման գործակալության մեկ այլ ծրագրով առաջիկայում Գեղարքունիքի և Վայոց Ձորի փոքր և միջին ձեռնարկատերերին կտրամադրվի մինչև 20 000 դոլար դրամաշնորհ։
«Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը` IFAD–ը, կֆինանսավորի հետբերքահավաքային կարողությունների զարգացման համար երկու ծրագիր, որը ենթադրում է սառնարանային տնտեսությունների կառուցում։ Այսինքն` 550 000 դոլար արժողությամբ երկու սառնարան կկառուցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Շիրակի մարզի Հոռոմ համայնքներում»,– նշեց Խոջոյանը։
Խոսելով պարենային անվտանգության հարցերի մասին` փոխնախարարը հայտնեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակում ուսումնասիրություններ են իրականացվել և 2020-ին ակնկալվում է 46 մլն տոննա ցորենի, և 510 000 տոննա շաքարի պրոֆիցիտ։
Մասնավորապես, միայն Ռուսաստանը 41 տոննա ցորենի պրոֆիցիտ է ունենալու։ Հայաստանն, ի դեպ, այս պահին ունի 52 500 հա ցորենի ցանքատարածություն։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ ամիս` մարտի 26-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի` գյուղատնտեսությանն ուղղված բաղադրիչը, ասել էր, որ կառավարությունը որոշել է զրոյացել գյուղատնտեսական ծրագրերով գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի բոլոր տոկոսադրույքները: