ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Նա իր միջնորդության մասին հայտնել է Facebook-ում։
Դատական նիստը պետք է կայանար մարտի 26-ին, ժամը 15:30-ին։
Փաստաբանը նշել է, որ դատարանին դիմելու պատճառը համաճարակային իրավիճակն է։
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։
Սերժ Սարգսյանի դատական գործով առաջին նիստը. ինչ էր կատարվում ներսում և դրսում. տեսանյութ
ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: