ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 190։ Փաստորեն, վերջին մեկ օրվա ընթացքում Covid 19 վարակակիրների թիվն ավելացել է 30-ով: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։
Նշենք, որ մարտի 21–ի ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 160 էր։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտնեց, որ երկրորդ առողջացած պացիենտինեն դուրս գրել, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: «Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,-գրել էր նախարարը:
Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
ՀՀ–ն Չինաստանից դիմակներ է ստանում նույնիսկ այսպիսի դժվարին ժամանակահատվածում. ԱՆ
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։