ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Կառավարությունն առաջարկում է ծանր հիվանդություն ունեցող անձանց ազատել կալանքից ու պատժի հետագա կրումից: Այդ նպատակով Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելու նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Նպատակն է, որ գործընթացը տևի շատ արագ: Մասնավորապես՝ կալանավորված անձի դեպքում վարչակազմի միջոցով միջնորդությունը ներկայացվի հսկող դատախազին, և հսկող դատախազը պարտավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնել դատարան՝ ոչ ուշ, քան հաջորդ օրվա ընթացքում: Դատապարտյալի դեպքում էլ, քանի որ հսկող դատախազ չկա, վարչակազմը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան»,- ասաց նախարարը:
Ընդ որում, դատարանն էլ պարտավոր է մեկ օրվա ըթացքում որշում կայացնել:
Արդարադատության նախարարությունը վստահեցնում է` ՔԿՀ–ներում խուճապի հիմքեր չկան
Կառավարության անդամները կարևորեցին նախագծի ընդունումը, քանի որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության հետևանքով:
Ընդ որում՝ վերջին 2 դեպքերում առկա է եղել բժշկական հանձնաժողովի եզրակացություն առ այն, որ անձն ունի պատժի կամ կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն, եզրակացությունն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ, վերջինը հանդես է եկել միջնորդագրով, սակայն մինչև դատարանի նշանակած դատական նիստի օրը կալանավորները մահացել են:
Նածագիծը, սակայն, չընդունվեց, քանի որ մարդու իրավունքների պաշտպանը դրանում դարձյալ անհարկի ձգձգելու հիմքեր է տեսնում: Որոշվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման:
«Եթե մարդու իրավունքերի պաշտպանի պատճառով այս ընթացքում պետք է մարդու իրավունքները նորից խախտվեն, ուրեմն տարեք նախարարական կոմիտեում նորից քննարկեք»,-կատակեց վարչապետը և հանձնարարեց նախագիծը վերադարձնել ու մեկ անգամ ևս քննարկել նախարարական կոմիտեում:
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ծառայողը դատապարտյալին դուրս է բերել խցից, որ մյուսները ծեծեն