ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2008թ-ի «Մարտի 1»-ի գործերի շրջանակում 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
Դատախազությունը հայտնում է, որ Վարդան Ջհանգիրյանի գործն ուսումնասիրվել է «Մարտի 1»-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ այլ գործերի որոշումներում Եվրոպական դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո։
Արդյունքում դատախազությունը պարզել է, որ դատաքննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, դատական սխալ, ինչի պատճառով ընդունված դատական ակտերն անօրինական և չհիմնավորված են:
Մասնավորապես՝ Վ․Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին։ Հաշվի չի առնվել, որ վերջիններն ակտիվորեն ներգրավված են եղել «Մարտի 1»-ի իրադարձություններում, ինչը ողջամիտ կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն չի ընձեռվել արդյունավետ վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչը և հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել
Դատախազությունը հայտնում է նաև, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործում առկա չեն այնպիսի արժանահավատ ապացույցներ, որոնք թույլ կտային ապացուցված համարել Վ. Ջհանգիրյանին մեղսագրված արարքները:
«Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված դատական ակտերը բեկանելու և փոփոխելու, մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու պահանջով»,- հայտնում է դատախազությունը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. մարտի 31-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված էր համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ Վ. Ջհանգիրյանը չի ենթարկվել ոստիկանների՝ «չշարժվել» պահանջին և ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ՝ բախվելով ոստիկանության ավտոմեքենային։ Չի ենթարկվել նաև իր մոտ պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Առաջին ատյանի դատարանը Վ.Ջհանգիրյանին դատապարտել էր երեք տարի ժամկետով ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։
ՀՀ վերաքննիչ քրեական և վճռաբեկ դատարաններն ավելի ուշ մերժել էին բերված բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել անփոփոխ։
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կարտահանձնեն Հայաստանին
Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին...»:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ 2008-2009թ. կայացված դատավճիռների, դրանց առնչվող գործերի ուսումնասիրությունը: