ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
«Նախագահ Սարգսյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը կայանում է հենց Վիլֆրիդ Մարտենսի անունը կրող կենտրոնում, քանզի Մարտենսը Հայաստանի լավ բարեկամն էր, քրիստոնեադեմոկրատական արժեքների մեծ ջատագով, մի քանի անգամ այցելել է Հայաստան, և նրա անմիջական աջակցությամբ է սկիզբ դրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցությանը Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում:
«Սերժ Սարգսյանի դեմ քրգործն ուղղակի քաղաքական հետապնդում է». Մակինյան
Միկոլաշ Ձուրինդայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի, որի համահիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնի համագործակցության հեռանկարները:
Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը, որն իրականացվում է բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում:
«Լույս» հիմնադրամը հայտ է ներկայացրել անդամակցելու «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնին: Ձուրինդան իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռությանը:
Զրուցակիցներն ընդգծել են կրթական, վերլուծական, հետազոտական աշխատանքի կարևորությունը, այդ թվում` պոպուլիզմի դեմ պայքարի թեմայով:
Միկոլաշ Ձուրինդայի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և մարտահրավերներին:
Նշենք, որ Սարգսյանը երեկ հանդիպել էր նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը և համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։ Քրեական գործի շրջանակում Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Երեկ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան 3–րդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ նա երկրից մեկնելու համար օրենքով սահմանված կարգով թույլտվություն է ստացել։
Հիշեցնենք նաև, որ «Լույս» հիմնադրամը, որը գործում է 2009 թվականից, օգնում էր Հայաստանի Հանրապետության` 18-40 տարեկան քաղաքացիներին կամ հայկական ծագում ունեցող անձանց, որոնք ընդունվում են «Լույսի» նախանշած 10 համալսարաններից որևէ մեկը։ «Թավշյա հեղափոխությունից» հետո «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտնել էր, որ հիմնադրամը դադարեցնում է աշխատանքը։ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ հիմնադրամը զբաղվել է փողերի լվացմամբ։ Ավելի ուշ հիմնադրամը հայտարարեց, որ շարունակում է գործունեությունը։
Նման արարք չէր կարող թույլ տալ. Արա Բաբլոյանը` Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործի մասին