ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը: Նա 90 տարեկան էր։
Տեղեկությունը հրապարակել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Facebook–ի էջը:
«Երկար տարիներ Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է մի շարք հեղինակավոր նվագախմբեր։Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում մեծանուն դիրիժորն իրականացրեց ավելի քան 30 մեծածավալ օպերաներ և բալետներ»,–գրված է հաղորդագրությունում:
Չնայած պատկառելի տարիքին, հայտնի դիրիժորը մինչև օրս աշխատում էր Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նա գլխավոր դիրիժորն էր։
Յուրի Դավթյանը ծնվել է 1929 թ. հունիսի 10-ին: 1938-ին ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում։
Դավթյանը եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։
Ղեկավարել է Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։