ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Բանակում զգալի արդյունքի հասնելու համար պետք է աշխատել երկու ուղղությամբ՝ ուժեղացնել բանակի կարգուկանոնն ու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կարծիքն է հայտնել Հանրային հեռուստաընկերության եթերում` անդրադառնալով զինծառայողների մահվան դեպքերին:
«Հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ, և ցանկացած պաշտոնյա հասկանում է, որ բանակում տեղի ունեցած իրադարձություններն ավելի զգայուն են ընդունվում, որովհետև մենք ունենք անվտանգության հանդեպ ավելի զգայուն մոտեցումներ», - ասել է Գրիգորյանը:
Նա անդրադարձել է նաև փետրվարի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ անցկացված խորհրդակցությանը և նշել, որ նպատակը բանակի խորքային խնդիրները հասկանալն էր:
Բանակում պաշտոնանկություններ կլինե՞ն. Փաշինյանը գրառում է արել
«Առաջինը կարգուկանոնի ուժեղացումն է, որ թույլ կտա նվազագույնի հասցնել կամ բացառել նման դեպքերը, մյուսը քրեական ենթամշակույթն է, որն ազդում է նման երևույթների վրա։ Այս պահին կան և հետագայում ևս կլինեն կադրային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար: Կա քրեական ենթամշակույթ, բայց կա նաև անհատների պատասխանատվության խնդիր»,-ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք` 2020թ.-ի հունվարի 1-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է մահվան 13 դեպք: Պաշտոնական տեղեկություններով՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով, գրանցվել են նաև ինքնասպանությունների դեպքեր։