ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանն այսօր հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։ Մահվան գույժը սոցցանցի իր էջում հայտնել է լուսանկարչի մտերիմ ընկեր, քանդակագործ Սահակ Պողոսյանը։
Նշենք՝ երեկ Sputnik Արմենիայի թղթակիցները շփվել են Գերման Ավագյանի հետ։ Նա եռանդուն էր, էներգիայով լի ու բազում ծրագրեր ուներ։ Ոչինչ չէր հուշում մոտեցող դժբախտության մասին։ Sputnik Արմենիայի անձնակազմը ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես իր ցավակցությունն է հայտնել լուսանկարչի մահվան կապակցությամբ։ Նա պատմել է, որ լուսանկարիչը պատրաստվում էր իրեն նվիրել այն լուսանկարը, որում պատկերված են Զոհրաբյանն ու իր հանգուցյալ ամուսինը` Սամվել Մկրտչյանը։ Պատգամավորը Facebook-ի իր էջում հրապարակել է Ավագյանի լուսանկարներից մեկը:
«Մեր Գերմանը էլ չկա, Գերմանի հետ պայմանավորվել էինք, որ առաջիկա օրերին Հրազդան քաղաքի գրադարանում Սամվել Մկրտչյանին նվիրված օր պիտի անենք: Գերմանը խոստացավ, որ այդ օրը ինձ նվիրելու է Սամի և իմ մի լուսանկարը, որը դեռ որևէ մեկը չէր տեսել: Ու արդեն քանի ժամ է Գերմանը չկա: Ցավը ծանր է»,- գրել է Զոհրաբյանը։
Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում։ 1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Հրապարակվել է հայկական և արտասահմանյան պարբերականներում։ Բազում մրցանակներ և պարգևներ ունի լուսանկարչական ու լրագրողական գործունեության համար։