ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») որդին` Դավիթ Մովսիսյանը, կալանավորվել է։
«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 20-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, զորամասում հրազենային վնասվածքից։
«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին
Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էին Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։