Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ՝ արդեն երրորդ ձմեռն է, որ Հայաստանում գրանցվում է մեղմ ջերմային ռեժիմ, և նույնիսկ ամենացուրտ հունվարին ընդհանուր առմամբ գրանցվել է նորմայից բարձր ջերմաստիճան, ինչը գյուղատնտեսության տեսանկյունից բացարձակապես ցանկալի չէ:
«Ցավոք, ձյան ծածկոց չկա, բացառություն են վերջին օրերի տեղումները, երբ ձյան շերտն ընդամենը մի քանի սանտիմետր բարձրության էր: Սակավաձյունությունը մտահոգություն է առաջացնում նաև ջրամբարներում ջրի անհրաժեշտ պաշարներ կուտակելու առումով»,- նշեց նախկին փոխնախարարը:
Ըստ Պետրոսյանի՝ այդուհանդերձ, այս պահի դրությամբ Հայաստանի որևէ հատվածում բարձր ջերմաստիճանային ռեժիմի պատճառով զգալի վնաս չի գրանցվել: Որոշակի խնդիրներ կան միայն աշնանացան հացահատիկի ցանքատարածություններում, բայց դա պատճառաբանված է ոչ այնքան ջերմային ռեժիմով, որքան նախորդ տարվա ամռան վերջից սկսած տեղումների բացակայությամբ: Հողն այնքան էր պնդացել, որ հնարավոր չէր արդյունավետ վար կատարել, իսկ սերմերը խոնավության բացակայության պայմաններում ժամանակին չէին ծլարձակում, աշնանացաններն էլ չէին թփակալում:
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան
«Գարնանը պետք է անպայման կատարել աշնանացան ցանքատարածքների գույքագրում: Մեզ կհաջողվի ավելի կոնկրետ գնահատականներ տալ փետրվարի ընթացքում: Եթե լինեն ցածր ջերմաստիճանային պայմաններ, կտրուկ բարձրացում չլինի, և գարնանամուտին պահպանվի ցածր ջերմային ֆոնը, ապա դա կնպաստի պտղատու ծառատեսակների, հատկապես ծիրանենու ուշ ծաղկմանը՝ համընկնելով ավելի բարենպաստ ջերմաստիճանային պայմանների հետ»,- նշեց նախկին փոխնախարարը:
Պետրոսյանը ցրտահարությունների կամ սակավաջրության վերաբերյալ կանխատեսումներն այս պահին համարում է վաղաժամ: