ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր արտահերթ նիստ կգումարվի ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նրա խոսքով` նիստը կկայանա այսօր, ժամը 18։00-ին։
«Դատական նիստը հրավիրվել է դատախազության նախաձեռնությամբ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ` հունվարի 14–ին, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։
Ուզում են Նազիկ Ամիրյանի դատավճիռը շուտ կարդալ. պաշտպանը՝ քրգործերն առանձնացնելու մասին
2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկությունների ժամանակ ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի՝ Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։