Օրինախախտ վարորդների շրջանում կիրառվող նոր պատժամիջոցները սկզբնական շրջանում ամբողջական հիմք չեն տա, որպեսզի կատարվեն լուրջ և համապարփակ եզրահանգումներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։
Այդուհանդերձ մասնագետը վկայակոչում է ոստիկանության ներկայացրած վիճակագրությունը, որի համաձայն՝ պատահարների թիվը երկու անգամ պակաս է նախորդ տարվա հունվարի առաջին օրերի համեմատ:
«Ազդող գործոններից մեկն էլ, անշուշտ, եղել է բալային համակարգի ներդրումը, քանի որ մարդիկ ավելի զսպված և զգոն են եղել՝ չնայած այն հանգամանքին, որ տոնական օրերին մարդիկ քիչ են մեքենա վարում, շատերն էլ մեկնել են Հայաստանից»,- նշեց նա:
Ղահրամանյանի փոխանցմամբ՝ սարքավորումներով արձանագրված խախտումներին առնչվող ծանուցումը վարորդներին պետք է հասնի 20-օրյա ժամկետում, այսինքն` հունվարի վերջին նոր հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ առաջին տուգանված վարորդների մասին:
«Բալային համակարգի հետ կապված առաջին արձագանքները եղել են բազմաժանր: Կային և՛ խելամիտ արձագանքներ, և՛ ոչ այնքան: Գիտեք, միշտ էլ շատերը բողոքել են պարզապես բողոքելու համար: Անշուշտ, կան նաև կառուցողական բողոքներ, որոնք բերում են քննարկումների, որոնց արդյունքում կայացվում են միջանկյալ, այլընտրանքային որոշումներ»,- ասաց մասնագետը:
Տուգանք և 4 բալի կորուստ` տարվա հենց առաջին օրը. քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն
Նա տեղեկացնում է, որ իրենք հենց սկզբից մասնակցել են նախագծի հրապարակային քննարկումներին, որոնց նախաձեռնողը ոստիկանությունն է: Այդուհանդերձ քննարկումների աշխուժությունը սպասվածից քիչ էր, քաղաքացների մասնակցության ցուցանիշն այդքան էլ բարձր չի եղել:
Բալային համակարգը, Ղահրամանյանի համոզմամբ, չի վնասում միջին չափի խախտումներ իրականացնողներին: Ավելին՝ 100 տեսակի խախտումներից 28-ի ֆինանսական բեռը կտրուկ նվազեցվել է: Այդ առումով՝ քաղաքացիները տարեկան 7-8 միլիարդ դրամի քիչ տուգանք կվճարեն:
Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդները վեց ամսով կզրկվեն մեքենա վարելու իրավունքից։