ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արտասահմանյան որոշ կայքեր, նույնացնելով Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունը և չպարզելով իսկությունը, խեղաթյուրել են ինֆորմացիան՝ գյումրեցի գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես հեռուստատեսային սկանդալային կերպար Լիլի Մորտո (իրական անուն-ազգանունը` Լիլիթ Մարտիրոսյան)։
Հոդվածներում նրանք գեղեցկության մրցույթների մասնակից, Գյումրիում ծնված սևահեր Լիլիթ Մարտիրոսյանի նկարների կողքին ներկայացրել են շիկահեր Լիլիթ Մորտոյի լուսանկարներն ու գրել, որ աղջիկը դիմել է մի շարք պլաստիկ վիրահատությունների, անճանաչելիորեն փոխվել՝ փորձելով նմանվել իր սիրելի «Բարբի» տիկնիկին։
Հոդվածի հեղինակների հավաստմամբ` կերպարի նման փոփոխության պատճառով հարազատները երես են թեքել աղջկանից, և նա ստիպված Մարտիրոսյան ազգանունը փոխել է Մորտոյի ու հեռացել հայրենի քաղաքից:
Հոդվածներում Լիլիթ Մարտիրոսյանի լուսանկարները ներկայացվում են որպես Մորտոյի` մինչ վիրահատություններն արված լուսանկարներ: Ստեղծված իրավիճակը խնդիր չէր լինի, եթե առաջին աղբյուրի հայտնած տեղեկությունը շատ արագ չտարածվեր մի շարք այլ լրատվամիջոցներում ևս:
![Լիլիթ Մարտիրոսյանը Լիլիթ Մարտիրոսյանը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2105/15/21051539_0:34:705:477_600x0_80_0_0_bfccdc28358f062d3b66409fb398095d.jpg)
![Լիլիթ Մարտիրոսյանը Լիլիթ Մարտիրոսյանը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2105/15/21051534_0:43:705:487_600x0_80_0_0_4dfe15e207fbf49eb52533768a9f8ab7.jpg)
![Լիլիթ Մարտիրոսյանը Լիլիթ Մարտիրոսյանը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2105/15/21051529_0:129:705:572_600x0_80_0_0_eaf68168b9597eb7ea24a890d1cbefce.jpg)
![Լիլիթ Մարտիրոսյանը Լիլիթ Մարտիրոսյանը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2105/14/21051416_0:0:1024:643_600x0_80_0_0_6501bdbd723d56d75a1eefbcf564afeb.jpg)
«Ինֆորմացիայի տարածման առաջին աղբյուրը չգիտեմ՝ որ լրատվամիջոցն է, բայց որ «Գուգլով» փնտրում ենք, մի քանի նմանատիպ հոդված է բերում: Ուզում եմ հասկանալ` ինչից է սկսվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում վրդովված ասում է Լիլիթ Մարտիրոսյանը, որի հաջողությունների մասին մեկ անգամ չէ, որ պատմել ենք։ Աղջիկն այս ամենի մասին իմացել է իր հետևորդից:
Ի դեպ, բացի անուն-ազգանունից, աղջիկները ոչ մի ընդհանուր բան չունեն. նրանցից մեկը` Լիլիթ Ռաֆիկի Մարտիրոսյանը, ծնվել է 1988 թվականին Գյումրիում, մյուսը՝ Լիլիթ Սեյրանի Մարտիրոսյանը (Մորտո), ծնվել է 1986 թվականին Գորիսում:
«Այնքան ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել տվյալ լրատվամիջոցները, որ առանց ինֆորմացիան ճշտելու, դեռ մի բան էլ ավելացնելով, տարածել են»,–ասում է գյումրեցի Լիլիթը և հավելում, որ ինքը Լիլի Մորտոյի դեմ ոչինչ չունի, խնդիրը միայն անձանց նույնականացնելու մեջ է:
«Կարծում եմ՝ ես էլ, Մորտոն էլ չէինք ուզենա նույնացվել, քանի որ լրիվ տարբեր մարդիկ ենք, կայացած ու տարբեր ասելիքներով»,- ասում է Լիլիթ Մարտիրոսյանը` ենթադրելով, որ Լիլի Մորտոն արտասահմանյան լրատվամիջոցների կիզակետում հայտնվել է իր` Բարբիի տեսքի շնորհիվ։ Նրանք փորձել են համացանցում գտնել, թե ինչպիսին է եղել Լիլին մինչև վիրահատությունները, գտել են իր` Լիլիթ Մարտիրոսյանի անձնական տվյալներն ու նկարները և, առանց հետամուտ լինելու, ներկայացրել որպես Մորտոյի նախկինում արված լուսանկարներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ պատրաստվում է դիմել ինֆորմացիան խեղաթյուրած կայքերի ղեկավարներին և հույս հայտնեց, որ նրանք կվերանայեն իրենց տարածած լուրն ու հերքում կտարածեն։