Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա.
Գեղեցկուհի մոդելն օրերս է վերադարձել Ալբանիայից, որտեղ մասնակցել է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը կայացած Miss Globe 2017 գեղեցկության մրցույթին: Մրցույթի ընթացքում հայ գեղեցկուհին ոչ միայն շահել է շատերի համակրանքը և արժանացել Miss Friendship տիտղոսին, այլ նաև նվաճել է 6-րդ հորիզոնականը: Ի դեպ, 60 գեղեցկուհիների մեջ հաղթող է ճանաչվել Վիետնամի ներկայացուցիչը:
Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին վստահեցնում է, որ հաջորդ՝ 2018 թվականն ավելի արդյունավետ ու բեկումնային կլինի: Սա Լիլիթ Մարտիրոսյանն ասում է՝ հաշվի առնելով վերջին մրցույթի արդյունքում արդեն ստացված հրավերքներն ու առաջարկները: Ավելին՝ գեղեցկուհին Sputnik Արմենիային վստահեցրեց՝ արդեն իրեն փորձելու է նոր ասպարեզում: Այս տարվա մրցույթի «Տաղանդ» փուլում Լիլիթը ոչ թե նկարել է, այլ երգել է՝ մրցույթին նա կատարել է «Սարերի հովին մեռնեմ» երգը, ինչի շնորհիվ ևս մեկ անակնկալի է արժանացել՝ տեսահոլովակ նկարահանելու հնարավորության:
«Մրցույթի ավարտից հետո Տիրանայի լուսանկարչական դպրոցի տնօրեն Աուրեյլիո Լուլոյի կողմից մրցանակ ստացա տեսահոլովակի տեսքով: Տեսահոովակը նկարահանելու ենք այլ երգի հիման վրա, որի մասին դեռևս չեմ կարող խոսել, բայց նշեմ, որ այն կհեռարձակվի իտալական, գերմանական և ալբանական հեռուստաալիքներով: Տվյալ պահին աշխատում ենք տեսահոլովակի վրա»:
Ինչպես նախկինում, այս անգամ ևս Լիլիթը մրցույթին մասնակցության հրավերը ստացել է «Համաշխարհայի գեղեցկության և նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից: Այս մրցույթին Լիլիթը մասնակցել է՝ համագործակցելով դիզաներներ Նինա Սարկսյանցի, Գայանե Մարտիրոսյանի և Լիլիթ Մելիքյանի հետ: «Նինա Սարկսյանցը երեկոյան զգեստիս հեղինակն է. այն կարվել է Միլանում: Ես և դիզայներ Նինա Սարկիսյանցը որոշել ենք այն տրամադրել «Բարի մամա» կազմակերպությանը, որի շրջանակներում տեղի կունենա աճուրդ, իսկ ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երախաների բուժմանը: Հուսով եմ՝ այս գեղեցիկ զգեստն իր գեղեցիկ նպատակին կծառայի»:
Նշենք, որ Լիլիթը տարբեր բարեգործական ծրագրերի է մասնակցում, այս անգամ ևս, մրցույթից վերադառնալուց հետո, վստահեցնում է՝ առաջինը կայցելի հայրենի քաղաքի տնակներում ապրող փոքրիկներին:
Ազգային տարազը Լիլիթին տրամադրվել էր Տերյան մշակութային կենտրոնի կողմից: Դիզայները Լիլիթ Մելիքյանն է:
«Մրցակցությունը թեժ էր, բոլոր մասնակիցները լավ պատրաստված էին: Շատ հուզվեցի, երբ մրցույթի լավագույն 15 մասնակիցների անունները հայտարարելիս առաջինը հնչեց Armenia անունը: Մի պահ չկողմնորոշվեցի՝ Հայաստա՞ն են ասել, թե՞ Ալբանիա կամ Ռումինիա, քանի որ հնչողությամբ նույնն են: Ճիշտ է՝ մրցույթի ավարտին 60 մասնակիցների մեջ ես զբաղեցրեցի 6-րդ հորիզոնականը»: Սակայն մրցույթի ընթացքում Լիլիթին ևս մեկ անակնկալ էր սպասվում՝ մրցույթի ընթացքում կար ևս մեկ քվեարկություն, որը մասնակիցների միջև էր անցկացվել՝ թե ում են իրենք հավանում և համարում լավ ընկեր ու հաղթողին արժանի թեկնածու: «Աղջիկների քվեարկության արդյունքում ես ստացա Miss Friendship տիտղոսը, որը գեղեցկության մրցույթներում շատ պատվավոր տիտղոս է, ինչի համար անչափ երջանիկ եմ»,-նշեց մոդելը:
27-ամյա գումրեցի գեղեցկուհին մինչ այս արդեն հասցրել է մասնակցել «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթին՝ հայտնվելով լավագույն հնգյակում, իսկ մեկ տարի անց մասնակցել է Miss Intercontinental մրցույթին՝ արժանանալով մի շարք մրցանակների: