ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից:
«Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման և Արցախին մշտապես սատարելու գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է նաև Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից կազմակերպված գալա միջոցառմանը:
Նա անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների:
Հիշեցնենք, որ նախագահ Սահակյանը Բելգիայի Թագավորություն է մեկնել աշխատանքային այցով: Նոյեմբերի 7-ին նա հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: