ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Այսօր առավոտից ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները դասերը բոյկոտել են, մայր բուհում դասադուլ է։ Ուսանողները բողոքում են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից ըստ որի «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկանները պարտադիր չեն լինելու այլ ֆակուլտետների ուսանողների համար։
«Մեր ֆակուլտետի գիտխորհուրդը բացասական կարծիք ունի այս օրինագծի մասին։ Բոլորս էլ հասկանում ենք, թե 21-րդ դարում ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ մայրենի լեզվի նահանջը փոքր ազգի համար», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայ բանասիրության դոցենտ Արշալույս Գալստյանը։
Բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սամվել Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դասադուլը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև նախարարությունը որոշում կայացնի, որ վերոնշյալ առարկաները պետք է լինեն պարտադիր։
«Արդեն իսկ ստորագրահավաք ենք սկսել, որին միացել են նաև մարզային բուհերի ուսանողները։ Ստորագրահավաքը շարունակվելու է, ու համապատասխան 2-3 հազար ստորագրություն հավաքելուց հետո մեր պահանջը` դիմումի հետ կներկայացնենք պատկան մարմիններին», – նշեց նա։
Ուսանողները նոր Հայաստանի ղեկավարությունից պահանջում են մայրենի լեզվի և պատմության նոր և ավելի բարձր մակարդակի ուսուցում և պահանջում են դա ամրագրել օրենքով։ Այս պահին դասադուլը շարունակվում է։
ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Հիշեցնենք, որ մասնագիտացված կառույցներում աշխատանքային քննարկման է ներկայացվել նախագիծ կրթության և գիտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով ոչ մասնագիտական ֆակուլտետներում չի նախատեսվում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցում։