Հայ և արտասահմանցի երաժիշտները մասնակցեցին Yerevan Jazz Fest 2019 ամենամյա փառատոնին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը Երևանում։
Yerevan Jazz Fest 2019-ին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ջազային երաժիշտ Սթենլի Կլարկը, շեփորահար Ջոն Մարշալը, երգչուհի Ագաթա Իրակեման, սաքսոֆոնահար Գրանտ Ստյուարտը և երգչուհի Լյուսի Եղիազարյանը, թավջութակահար Լարս Դանիելսոնը։
Հոկտեմբերի 24-ին Երևանի Mezzo ջազային ակումբում փառատոնի բացման նախաշեմին հայ հանդիսատեսի առջև ելույթ ունեցավ Fifth Season Band ջազային խումբը, որի կազմի մեջ մտնում են հայտնի երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը և Սիմոն Դոլմազյանը։
Իսկ հոկտեմբերի 25-ի երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ փառատոնի պաշտոնական բացումը, որտեղ ելույթ ունեցավ Սթենլի Կլարկն իր նվագախմբի՝ Stanley Clarke Band-ի հետ։
Թավջութակահար Լարս Դանիելսոնի մասնակցությամբ համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Երկու օր անց այստեղ ելույթ ունեցան Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, «Վահագն Հայրապետյանը և ընկերները» խումբը, ինչպես նաև փառատոնի հյուրերը՝ շեփորահար Ջոն Մարշալը և երգչուհի Ագաթա Իրակեման։
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Վահագն Հայրապետյանը և ընկերները», Գրանտ Ստյուարտը, Լյուսի Եղիազարյանը և Ջոն Մարշալը։ Համերգի ընթացքում ցուցադրվեց ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը։ Փակմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։