«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված էր հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, որը սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:
Փառատոնի կազմակերպիչներն էին Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո փրոդաքշն» ընկերությունը:
Գոնսալո Ռուբալկաբան ջազի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Ծնվել է երաժիշտների ընտանիքում: Ապագա դաշնակահարը և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր քայլերը սկսել է վեց տարեկանից`նվագելով հարվածային գործիքներ: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի հայտնի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան թողարկել է 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` «Nocturne»-ը և «Land o the sun»-ը արժանացել են «Գրեմմի» մրցանակի: