ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է «Արմասանպրոդուկտի» (օպերատորը «Սպայկան» է) և Ucom–ի նախագծերի վրա աշխատանքը, սակայն մտադիր է նոր համաձայնագիր կնքել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 9–ին, մամուլի ասուլիսում հաղորդեց Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը։
«Սպայկայի» հետ կապված իրավիճակը
Մելկիկյանի խոսքով` ԶԼՄ–ներում երբեմն գրում են այն մասին, որ ԵԱԶԲ–ի նախագիծը ստորագրվել է «Սպայկայի» հետ։ Բայց ԵԱԶԲ–ն նախագիծն իրականացրել է վերջերս ստեղծված «Արմասանպրոդուկտ» ընկերության հետ, որը պետք է ջերմոցներ կառուցեր։
««Սպայկան» այդ նախագծի օպերատորն էր։ Գնումները և վաճառքները չեն մտել դրա գործառույթի մեջ։ Եկեք մեկը մյուսի հետ չշփոթենք այս կազմակերպությունները»,–ասաց Մելկիկյանը։
Բանկին գրավել է այն, որ «Սպայկան» մեծ փորձ ունի նման արտադրանք իրացնելու մեջ։ Հաշվի առնելով այդ հատվածում ընկերության առաջատար դիրքերը` ռիսկն արդարացվել է։
«Տվյալ պահին նախագիծը դադարեցվել է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես են ընթանալու նրանց հետ կապված գործընթացները։ Մենք չենք ասում, որ «դռները փակ են»։ Բայց եթե պետք է վերսկսել, ապա ամեն ինչ պետք է սկսել զրոյից` հաշվի առնելով ընկերության ընթացիկ ֆինանսական դրությունը», – ասաց Մելկիկյանը։
Նշենք, որ նախագիծը ենթադրել է 60 հա մակերեսով ջերմոցային համալիրի հիմնում` կլոր տարին բանջարեղեն աճեցնելու և այն ՌԴ առաքելու համար։ ԵԱԶԲ ներդրումները պետք է կազմեին մինչև 67 միլիոն դոլար։
Իրանցի նախարար. «Մենք ուզում ենք կրկնապատկել Հայաստանի հետ ինտերնետ թրաֆիկը»
Ապրիլի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանին հարկեր չվճարելու մեղադրանքով կալանավորելու մասին։
Ucom–ի հետ առայժմ չեն պայմանավորվել
Ucom բջջային կապի հետ իրավիճակն այլ է։ Կողմերը չեն հասել պայմանագիր ստորագրելուն (մինչև 100 միլիոն դոլարի վարկ,– խմբ.), քանի որ գործընթացում ծագել են որոշակի հարցեր։
«Ընթանում է երկխոսություն, ընթանում են բանակցություններ։ Եթե ընկերությունը համաձայնում է ինչ–որ զիջումների, մենք նույնպես համաձայնում ենք. դա երկարատև գործընթաց է։ Երբեմն ընկերությունն առաջարկում է աշխատանքի մի ձևաչափ, մի փուլում ներդրումներ, իսկ հետո որոշում է, որ գնում է այլ ուղղությամբ և սկսում այդ նախագծի փոփոխությունը։ Այժմ մենք նման մակարդակում ենք», – ասաց Մելկիկյանը։
Նա նշեց, որ տվյալ դեպքում բանկը չի հրաժարվել նախագծի իրագործումից։
«Հայաստանի էլցանցերի» հետ ամեն ինչ լավ է
ԵԱԶԲ–ը կշարունակի ՀԷՑ–ի հետ աշխատանքը։ Բանկում գոհ են ներկա իրավիճակից, ընկերությունը հետևում է բոլոր պարտավորություններին։
«Նույնիսկ նոր նախագծերի մասին ենք մտածում, և արդեն բանակցություններ ենք վարում»,–նշեց Մելկիկյանը։
Ներդրումային ծրագիրը ֆինանսավորելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի վարկային պորտֆելն օպտիմալացնելու համար ԵԱԶԲ–ը տրամադրել է 60 միլիոն դոլար։