ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Գործարար կին և բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը WCIT 2019 համաժողովին պատմել է Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին։
«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել։ Հիանալի է, որ կրկին Հայաստանում եմ։ Շատ ուրախ եմ, որ ինձ հետ եկել է նաև քույրս` Քորթնին, որն առաջին անգամ է Հայաստանում։ Մենք բերել ենք մեր բոլոր երեխաներին։ Երեկ մենք նրանց մկրտեցինք հայկական եկեղեցում, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Այս ուղևորությունը կհիշենք ամբողջ կյանքում»,– համաժողովի ժամանակ ասել է հեռուստաաստղը։
Բուռն ծափահարությունների և «Մենք սիրում ենք քեզ, Քիմ» գոչյունների ներքո, ռեալիթի շոուի աստղը պատմել է, որ Երևան գալու օրվանից նա ամեն օր լավաշով պանիր է ուտում։
«Սա իմ սիրելի նախուտեստն է։ Հայաստանում լավագույն պանիրն է ու լավաշը», –ժպտալով ասել է Քիմը։
Համաժողովի շրջանակում Քարդաշյան–Ուեսթը խոսել է իր բիզնեսի մասին։ Նա ուրախացրել է WCIT 2019–ի ունկնդիրներին, ասելով, որ մտադիր է իր ապրանքների հավաքածուն համալրել ևս 4-ով։
«Միայն Երևանի փողոցներով զբոսնելիս, ես ոգեշնչվեցի 4 նոր գաղափարներով։ Չեմ ուզում բացել փակագծերը, սակայն կասեմ միայն մի գաղափարի մասին` ուզում եմ հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել», – պատմեց գործարարը։
Հեռուստաաստղը հայտնեց նաև, որ այսօր նկարահանելու է իր շոուն Երևանի փողոցներում և հրավիրեց երկրպագուներին` մասնակցել նկարահանումներին։
Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ
Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9–ը։ Քարդաշյանը մասնակցում է համաժողովին որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։