ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Լենինգրադի մարզում երկու քաղաքացու են ձերբակալել` մեկ այլ քաղաքացու առևանգելու և գումար շորթելու կասկածով։ Այս մասին գրված է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՌԴ ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության կայքում։
Նշվում է, որ հոկտեմբերի 3-ի, լույս 4-ի գիշերը Լենինգրադի մարզի Տոսնենսկի շրջանի ոստիկանություն է դիմել «մերձավոր արտասահմանի պետություններից մեկի» 35-ամյա գործազուրկ քաղաքացի։
Նրա խոսքով` հոկտեմբերի 3-ի երեկոյան Տոսնոյի Գորկու փողոցի N6 տան մոտ երեք ծանոթները` ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով իրեն նստեցրել են KIA մակնիշի ավտոմեքենան և գերեզմանոց տարել։
Այնտեղ, ատրճանակի նմանվող առարկայով սպառնացել են և 100 հազար ռուբլի պահանջել, որն իբր պարտք է եղել նրանց։
Երևանի կենտրոնում 2 երիտասարդի են դանակահարել
Քրեական հետախուզության աշխատակիցները օպերատիվ հետախուզական գործողություններ են իրականացրել և ձերբակալել երկու անձի (55 և 33 տարեկան)։ Հետախուզում է իրականացվում հայտնաբերելու համար նրանց 31-ամյա հանցակցին։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 163-րդ հոդվածի 2 մասով։
Ռուսական որոշ ԶԼՄ–ների տվյալներով` և՛ տուժածը, և՛ չարագործները հայեր են։ Ավելին` ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք նույն ընտանիքի անդամներ են (հայրը և նրա երկու որդիները)։