ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր գործունեությանը վերաբերվող ստահոդ տեղեկատվության տարածումը կանխարգելելու նպատակով հնարավոր է՝ դատարան դիմի։ Այս մասին նշված է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունում դժգոհ են «Առավոտ» օրաթերթի և NovostiNK կայքի հրապարակումներից:
«Ս.թ. սեպտեմբերի 30-ին «Առավոտ» օրաթերում հրապարակվել է «Եթե կոնցեսիոն պայմանագիրը խզվի, միևնույն է՝ Հայաստանի երկաթուղային համակարգը ի վիճակի չի լինի լիարժեքորեն ապահովել փոխադրումային գործառույթը» հարցազրույցը, իսկ NovostiNK կայքում՝ «Վրաստան ուղարկված 360 վագոնից Հայաստան է վերադարձել միայն 30-ը» հոդվածը: Նշված նյութերը պարունակում են իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ»,- նշված է ընկերության հաղորդագրությունում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2013 թվականի հունվարից ընկերությունը վերանորոգման աշխատանքները կատարում է սեփական ուժերով՝ Գյումրու վագոնային դեպոյում: Շահագործման ժամկետի երկարացման նպատակով Վրաստան վերանորոգման ուղարկված բոլոր վագոնները վերադարձվել են ՀԿԵ-ին:
ՀԿԵ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի համար կարևոր տրանսպորտային երթուղուն. Սերգեյ Վալկո
Այդ փաստը հաստատված է նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգման համապատասխան ակտերով:
Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան
Ներկա պահին ընկերությունում իրականացվում է բեռնատար վագոնների պարկի արդիականացման ծրագիր, նոր կիսավագոնների գնման գործընթացն ընթանում է ըստ ծրագրվածի:
«ՀԿԵ ուղևորափոխադրումները շահութաբեր չեն, ինչպես և երկաթուղային ուղևորափոխադրումներն աշխարհի բոլոր երկրներում: Վնասի հիմնական մասը փոխհատուցվում է սեփական միջոցների հաշվին, իսկ ՀՀ կառավարության կողմից ստացվող փոխհատուցումը կազմում է վնասների ամբողջ ծավալի մոտ 12%–ը կամ մոտ 300 մլն դրամ տարեկան, ինչը հավասար է Հարավկովկասյան երկաթուղու կողմից պետությանը վճարվող կոնցեսիոն վճարի չափին»,-պարզաբանում է ՀԿԵ ընկերությունը՝ լրատվամիջոցներին կոչ անելով հրապարակել միայն կոմպետենտ մասնագետների կարծիքները, զերծ մնալ հասարակությունը մոլորեցնող տեղեկատվություն տարածելուց:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: