ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 90-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ռուս անվանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի առաջին շաբաթներին և ամիսներին, երբ դուք գտնվում էիք աղետից տուժած շրջաններում և գիշերուզօր ղեկավարում էիք փրկարարական ու վերականգնողական աշխատանքները: Ձեր անկեղծ սրտացավությամբ, ջերմությամբ ու նրբազգացությամբ Դուք արժանացել եք համընդհանուր սիրո ու երախտագիտության: Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումի շնորհումը Ձեր կատարած աշխատանքի արժանի գնահատականն էր: Վերջին տարիներին նույնպես դուք եղել և մնում եք Հայաստանի կողքին»:
Նախագահը Նիկոլայ Ռիժկովին մաղթել է քաջառողջություն, եռանդ և հաջողություններ իր պետական գործունեության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղերձում նշել է, որ Ռիժկովն իր ստեղծագործական աշխատանքով և նվիրվածությամբ իրավամբ համաժողովրդական հարգանք և ճանաչում եք վաստակել եղբայրական Ռուսաստանում:
«Հայաստանում ձեզ ճանաչում և սիրում են ոչ միայն որպես ականավոր քաղաքական գործչի, այլև որպես հայ ժողովրդի իսկական ընկերոջ, որը մեզ անգնահատելի օգնություն է ցուցաբերել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Եվ պատահական չէ, որ աշխատանքի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ներդրման և դժվարին ժամանակներում հայ ժողովրդին բացառիկ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար դուք իրավամբ արժանացել եք «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը»,– նշել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ Ռիժկովը միշտ ցանկալի հյուր է Հայաստանում:
Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ավանդի համար: Կոչումը շնորհվել է 2008 թվականին։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 1988-ի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։