ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վկայություն տալ ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի գործով։ Նա այս մասին ասաց լրագրողներին` նշելով, որ որպես օրինապաշտ քաղաքացի պատրաստ է ներկայանալ դատարան։
«Պատրաստ եմ կատարել դատարանի ցանկացած որոշում և կասեմ այն, ինչ արդեն ասել եմ նախաքննության ընթացքում»,– ասաց Թորոսյանը։
Մինչ այդ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե նախաքննության ընթացքում Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տվողների թվում եղել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների հայտարարած հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։
Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։
Սանասարյանի պաշտպանները դիմել են դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
Այսօր հայտնի դարձավ, որ Սանասարյանի և մյուսների գործն արդեն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: