ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց ամերիկացի Կեյշոուն Դեյվիսին և արժանացավ բրոնզե մեդալի:
Բաչկովը Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով երկրորդ անգամ անընդմեջ հասավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ ու երկրորդ անգամ էլ չկարողացավ մտնել եզրափակիչ:
Ամերիկացի բռնցքամարտիկի հետ Բաչկովը հավասար մենամարտ անցկացրեց առաջին և երկրորդ ռաունդներում ու ինչ-որ տեղ էլ ուներ դիպուկ հարվածների առավելություն: Բայց Դեյվիսը երրորդ ռաունդում կարողացավ հաղթանակի նժարը թեքել դեպի իր կողմ: Զիջելով նախաձեռնությունը Բաչկովին` ամերիկացին կարողանում էր լավ դիմավորել մեր բռնցքամարտիկին իր դիպուկ հարվածներով:
Ինչու հայ ըմբիշներն ավելի լավ արդյունք չգրանցեցին ԱԱ–ում. մեկնաբանում են մարզիչները
Մեր բռնցքամարտիկը մինչև կիսաեզրափակիչ մենամարտը 1/16 եզրափակիչում առավելության էր հասել թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի նկատմամբ, ապա 1/8 եզրափակիչում պարտության մատնել կոլումբիացի Մանուել Վիաֆարային: Քառորդ եզրափակիչում էլ Բաչկովը 5:0 հաշվով հաղթել էր Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսին:
Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում ներկայացված էր ութ բռնցքամարտիկներով, որոնցից միայն Բաչկովին հաջողվեց մեդալ նվաճել: