Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում որոշվում էր ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ մնալու հարցը, դատարանի բակում հավաքված աջակիցներն ու ընդդիմադիրներն իրար հակասող կոչեր էին վանկարկում։
Մի խումբը` ձեռքներին մարտի 1-ի զոհերի լուսանկարները, գոռում էր «Քոչարյան մարդասպան», մյուս խումբը վանկարկում էր «Քոչարյան հերոս» և բարձրացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներով ցուցանակներ։
Իրավիճակը թեժացավ, երբ Քոչարյանի ընդդիմադիրներից մի երիտասարդ կեղծ թղթադրամներ շպրտեց Քոչարյանի աջակիցների ուղղությամբ։ Դատարանում հավաքված ոստիկանները մի կողմ տարան տղային և կանխեցին խմբերի բախումը։
Երկրորդ նախագահի պաշտպանները հանդես էին եկել միջնորդությամբ` գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանի` Քոչարյանին կալանքից չազատելու որոշման հրապարակումից հետո Քոչարյանի աջակիցները սկսեցին բարձր սուլել ու վանկարկել «ամո՛թ»։ Իսկ ընդդիմադիրներն ուրախացան և սկսեցին գոռալ «Կեցցե դատավոր Դանիբեկյանը» և «Հաղթանա՛կ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով։ Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալումը։