ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն մինչև տարեվերջ մտադիր է տնտեսվարողներին վերադարձնել շուրջ 50 մլրդ դրամ։ Այս մասին այսօր Աժ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նախագիծը, որը կառավարության առաջարկով քննարկվում է արտահերթ կարգով։
«Սրանով էլ պայմանավորված է հրատապությունը։ Այսինքն` օր առաջ այս օրինագիծն ուժի մեջ մտնելու դեպքում, ՊԵԿ–ը կունենա բավարար ժամանակ` հարկ վճարողների հետ աշխատանք տանելու և դեբետային գումարների հիմնավորվածությունը հաստատելու պայմաններում տնտեսությանը կվերադարձնի 50 մլրդ դրամ»,– ասաց Անանյանը։
Խոսքը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի վճարված գումարների մասին է, որոնք գործող օրենսգրքով մարվում են տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա յուրաքանչյուր կիսամյակի վերջին ամսվա 21-ի դրությամբ վճարված գերավճարները հարկատուի դիմումի հիման վրա վերադարձվում են նրան։
«Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կկալանավորե՞ն
Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել գերավճարների վերադարձման պարզեցված ընթացակարգ` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնելով 40 մլն: Բացի այդ գերավճարները տնտեսվարողին կվերադարձվեն ոչ թե յուրաքանչյուր կիասմյակ, այլ եռամսյակը մեկ անգամ։
«Կառավարությունն այս նախաձեռնությամբ ֆինանսական ներարկում է անում տնտեսություն` պարտքերը վերադարձնելու միջոցով»,– ասաց Անանյանը։
Պարտքի վերադարձման ցանկում, նրա խոսքով, ներառված է 2835 տնտեսվարող, որոնց անունները կառավարության ներկայացուցիչը չհրապարակեց` նշելով միայն, որ դրանցից մեկը էներգետիկ ընկերություն է, որը ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ՀՀ է ներմուծել թանկարժեք սարքավորումներ ու դրանց դիմաց սահմանին ԱԱՀ վճարել։
«Այժմ պետությունը միանգամից վերադարձնելու է դա»,– ասաց ՊԵկ նախագահը։
Հայաստանում ուզում են կտրուկ բարձրացնել թանկարժեք անշարժ գույքի հարկը. նախագիծն ԱԺ–ում է
Հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին կայացած որոշմամբ, ՀՀ կառավարությունը դիմել էր ԱԺ ղեկավարությանը, սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ։