ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի-Sputnik. Գյումրիում նոր ավտոմաքսատունը կբացվի հոկտեմբերին, ինչպես և նախատեսվել էր ի սկզբանե։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին, թե արդյո՞ք կատարվող աշխատանքները տեղավորվում են նախատեսված ժամկետներում։
«Այո՛, տեղավորվում ենք, պարո՛ն վարչապետ։ Թեև ինչ–որ մի փուլում կարող է անցնենք 24- ժամյա աշխատանքային ռեժիմի, բայց հոկտեմբերի 11-ը՝ նախատեսված ժամկետը, մնում է նույնը։ Պաշտոնական բացման օրը, կապված Ձեր Հայաստանում լինել–չլինելու հետ, կարող է փոխվել։ Բայց փաստացի՝ ամսի 11-ից գործելու է»,-ասաց Անանյանը։
Կառավարությունն այսօր ավտոմաքսատան կառուցման համար ՊԵԿ-ին հատկացրեց 970 մլն դրամ։
Նշենք, որ սա արդեն 3-րդ հատկացումն է։ Առաջին փուլում հատկացվե էր 181 մլն դրամ, երկրորդում`ևս 966 ։
Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։
Ով կշահի և ով կտուժի ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումից
Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։
Նշենք, որ ներկայում մաքսազերծում իրականացվում է Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում, որտեղ այսօր հսկայական հերթեր են։