ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Սպարտակ Առաքելյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին անվավեր ճանաչել ԱԺ ղեկավարության կարգադրությունն ու դրանով ստեղծված հաստիքացուցակը, որից ինքը դուրս է մնացել:
«Ավելի պարզ ասած` Սպարտակ Առաքելյանը դուրս է մնացել նոր ձևավորված հաստիքացուցակից և հիմա դատարանի միջոցով փորձում է հետ վերադառնալ իր աշխատանքին, վերականգնել իր իրավունքները»,- գրում է թերթը:
Նույն պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը և հայց ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի։ Ստեփանյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով և չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել: