ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. 12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
Սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտությունն ընտրել:
Ռուանը մոր հետ պարբերաբար այցելում է Հալեպի Դարմանատուն, որպեսզի հումանիտար առաքելություն իրականացնող բժշկուհին զննի և համապատասխան բուժում նշանակի: Բժշկուհի Մինասյանի փոխանցմամբ՝ աղջկա առողջական վիճակն այժմ անհամեմատ լավ է, շուտով ամբողջությամբ կապաքինվի:
Սիրիայի Մեծ Մուֆթին ՀՀ իշխանություններին և ժողովրդին փոխանցել է իրենց երախտագիտությունը
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել արդեն հարյուրավոր երեխաների: Մեր մասնագետները սիրիացի փոքրիկների լավ բարեկամներն են դարձել:
Հիշեցնենք, որ հայ մասնագետները Սիրիայում առաքելություն են իրականացնում այս տարվա փետրվարից։