ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135–րդ հոդվածի 2–րդ մասը ՍԴ–ն հակասահմանադրական չի ճանաչել, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարց չի կարող քննարկվել։ Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկարի» տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«ՍԴ–ն երկու հոդվածի սահմանադրականություն է քննարկել և ՀՀ Քրեական դատավորության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2–րդ մասը, որը վերաբերում է հիմնավոր կասկածի չափանիշի ստուգմանը կալանքի հարցը քննարկելիս` Սահմանադրությանը համապատասխան է»,–ասել է նա։
Հարցին, թե արդյո՞ք ՍԴ–ն իրավասու էր քննել Քոչարյանի հայցերը, քանի որ մինչ այդ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը հարց էր բարձրացրել, որ ՍԴ–ն իրավասու չէ դրանք քննել` նախարարը պատասխանեց, որ պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել։
«Եթե առկա էին անհնարինության մասին տվյալներ, ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով որոշում պետք է կայացվեր՝ արդյո՞ք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՞ ոչ»,–հայտնել է նա։
Ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ընդունեցին ՍԴ–ի որոշումը. տեսանյութ
Մեկ այլ հարցի, թե ՍԴ այս որոշումը ենթակա՞ է պարտադիր կատարման, թե՞ ոչ` նախարարը պատասխանել է, որ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը երեկ հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչվել է Սահմանադրության 61, 63 հոդվածներին հակասող։ Իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը (խափանման միջոց կիրառելու հիմքերի) համապատասխանում է Սահմանադրությանը։
ՍԴ որոշումը, ըստ ՍԴ–ում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, փաստում է այն մասին, որ կալանավորումը, որը կիրառվել է Քոչարյանի նկատմամբ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ Նրա խոսքով` եթե ՍԴ–ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է` Քոչարյանի կալանավորումը չի կարող իրավական լինել։