ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ակնկալում է, որ այսօր ՍԴ–ն արդար որոշում կկայացնի` չենթարկվելով որևէ ճնշման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
«Մեկ ժամ առաջ եմ հորս հետ խոսել ու կարող եմ ասել, որ նրա ակնկալիքներն էլ այսօրվա ՍԴ որոշումից նույնն է»,–ասաց նա։
Նրա խոսքով` շատ կարևոր է դատավորի դերն ու ներքին անկախությունը։ Գաղտնիք չէ, որ հսկայական ճնշում կա դատարանի վրա, առավել ևս, եթե հարցը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն, ըստ Լևոն Քոչարյանի, հարցի մեկ այլ կողմն է` դատավորը ենթարկվո՞ւմ է այդ ճնշումներին, թե իր խղճի և օրենքի հիման վրա է որոշում կայացնում։
«Մեր հաջորդ քայլերը պայմանավորված են այսօր ՍԴ կայացրած որոշումից։ Չմոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած բողոք, ինչպես նաև ՍԴ–ն է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկել քրգործը` կարծիք ստանալու»,–ասաց նա։
Նշենք, որ այս պահին ՍԴ դիմաց Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և ընդդիմախոսների բողոքի ակցիաներ են ընթանում։
Արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում դատապարտելի է. ԲԴԽ նախագահ
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր` սեպտեմբերի 4-ին, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:
Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։շ