ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը յուրաքանչյուր հանրային հանդիպմանը ժամանակ է գտնում շնորհակալ լինելու իր ապրած կյանքի համար։ Այսօր մաեստրոյի՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսը բացառություն չէր։ 2019թ.-ի հունվարին իր 80-ը բոլորած Մանսուրյանը մեծացել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած և մանկատանը մեծացած մոր հետ, կոմպոզիտորի պապին այլ տղամարդկանց հետ միասին թուրքերն այրել են մարագում։
«Մեր ընտանիքի ճանապարհն անցած մեկի համար 80 տարի ապրելն աստծո նվեր է: Ես տարեցտարի ավելի ապահով եմ ինձ զգում։ Իմ երաժշտությունն ապահովությանս տարածքն ընդլայնեց»,-գոհունակությամբ ժպտալով՝ ասում է մաեստրոն։
Մանսուրյանը խոստովանում է, որ երբևիցե չի լսում իր սեփական գործերը՝ համարելով դրանք հիշեցում անցած-գնացած օրերի ու փորձությունների մասին։ Սակայն, հաշվի առնելով, որ ժողովուրդը սիրում է իր գործերը, երբեք դեմ չէ նվագել հանրության համար։
Այս տարի Մանսուրյանի սիրահարները օրեր շարունակ կկարողանան ունկդրել մաեստրոյի գործերը։ Նրա 80-ամյա հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 1-13-ն անցկացվելու է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը։ Համերգաշարը կսկսվի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, կշարունակվի Երևանի կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյան համերգասրահում ու Օպերայի և բալետի թատրոնում, իսկ վերջին ակորդը կհնչի Գյումրիի Սև բերդ ամրոցում։
ԱՄՆ–ում Մանսուրյանի անվան մրցանակ կտան` հայկական թեմատիկայով ստեղծագործության համար
Համերգաշարին կատարվելու են Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները, բալետները, կոնցերտները, կինոերաժշտությունը։ Մաեստրոյի հետ նույն բեմում հանդես կգան դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Սարյանի լարային քառյակը, դաշնակահարներ Հայկ Մելիքյանն ու Պավել Դոմբրովսկին և այլ երաժիշտներ։
Ասուլիսին ներկա՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասում է՝ մաեստրոն աշխատանքի մեջ շատ պահանջկոտ է, քանի որ շատ լավ գիտի, թե ինչպես պետք է հնչի երաժշտությունը․ Մանսուրյան նվագելը համազոր է ոգևորիչ մարտահրավերի։
«Արտերկրում շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք չեն լսել Հայաստանի մասին, բայց գիտեն Մանսուրյանի արվեստը, - պատմում է Սմբատյանը, - միայն դա մեզ ցույց է տալիս, թե ինչ մասշտաբի արտիստի հետ գործ ունենք։ Նրա հետ աշխատելը մեծագույն երջանկություն է»։
«Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։