ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Վայոց Ձորում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված 15–ամյա աղջկա առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 24–ին վարորդը, Քարագլուխի տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել էր ձորում։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
«Տուժածներից 15-ամյա աղջիկն ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Աղջիկը գիտակցության է եկել»,–գրել է Դերձյանը։
Աղջկա մոտ առկա է թոքերի և որովայնի սալջարդ, կոնքի ողերի կոտրվածքներ։