ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Եթե 2008թ.–ի մարտի 1-ին ցուցարարները զինված չեն եղել, որտեղից այսպիսի հարաբերակցություն. 32 վիրավոր ցուցարար, 187 վիրավոր ոստիկան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` պատասխանելով մարտի 1-ի գործում հիշատակվող խաղաղ բնույթի ցույցերի ու չզինված ցուցարարների մասին հարցին։
«Եվ սա այն դեպքում, երբ ոստիկաններն ամբողջությամբ հատուկ համազգեստով են եղել` զրահաբաճկոն, վահան, հատուկ հագուստ։ Ընդ որում, ոստիկանները հիմնականում այրվածքներ են ստացել ու բեկորային վնասվածքներ, որոնք կարող էին ստանալ միայն նռնակներից։ Լավ, մեղադրանքում գրված է, բայց դուք տեսել եք, չէ՞այդ ամեն ինչը, տեսել եք չէ՞ ինչ էր կատարվում, գիտեք չէ՞, որ Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից դանակի հարված է ստացել այդ խաղաղ ցուցարարներից մեկից, տեսել եք, չէ՞, ոստիկաններին ինչ էին անում, ոստիկաններն ուղղակի շարքով կանգնած, նրանց վրա նետվում են մոլոտովի կոկտեյլներ»,– ասաց փաստաբանը։
Մեղադրական եզրակացության մեջ «խաղաղ ցուցարարներ» ձևակերպման համար փաստաբանը մեղադրում է քննչական մարմնին` հավելելով, որ այդ մարմինը «պատրաստ է իրականացնել տվյալ պահի իշխանության ամենահամարձակ ֆանտազիան»։
«Իրենք հիմա դա են գրում, որովհետև հիմա դա է պետք։ Մի տարի առաջ ուրիշ բան կգրեին, դրանից երկու տարի առաջ` ուրիշ բան,– ասաց Ալումյանը,– եկեք վստահենք նրան, ինչ տեսել ենք»։
Ինչ կապ կա Փաշինյանի ելույթի, BBC-ի հոդվածի և ՀՔԾ-ի միջև. իրարանցման «արտաքին հետագիծը»
Ինչ վերաբերում է մարտի 1-ի զոհերին, Հայկ Ալումյանը նշեց, որ մինչ ինչ–որ մեկին դրա համար մեղադրելը նախ պետք է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրին ով է սպանել։
«Տեսաք, հերթական ֆեյքը տարածեցին, որ գտել են սպանողներից մեկին և այլն։ Պարզվեց, որ դա հերթական մոնիպուլյացիան էր։ Երբ կհայտնաբերվեն մարդիկ, որոնք այդ սպանությունը կատարել են, երբ կպարզվի, թե որ կողմից են այդ մարդիկ եղել (դա ամենագլխավոր հարցերից մեկն է), դրանից հետո միայն արդեն կկարողանանք մոտենալ այն հարցին, թե ով է այդ հրամանը տվել»,– ասաց Ալումյանը։
Անդրադառնալով մարտի 1-ին ցուցարարների դեմ բերված զինված ուժերի, այդ թվում` ԼՂ–ից բերված զորքին, Քոչարյանի փաստաբանը նշեց, որ զորքը բերվել է Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին համապատասխան` զանգվածային անկարգություններն ու պետությանը սպառնացող վտանգը կանխելու համար։
Իսկ այն, որ նման վտանգ առկա էր, Ալումյանը հիմնավորում է նրանով, որ ցուցարարների շարքերում եղել են զինված անձինք, փորձ է արվել ԵԿՄ–ն ներքաշել քաղաքական հարցերի մեջ։
«Գիտեք, որ ԵԿՄ–ականների մեծ մասը զինված են։ Այն, ինչ հայտնաբերվեց Մանվել Գրիգորյանի տանը, դա շատ փոքր մասն է։ Աշխատանք էր տարվում նաև, որպեսզի զինվորականներն անցնեին ցուցարարների կողմը, և դա ֆիկտիվ վտանգ չէր, դա երևակայական վտանգ չէր։ 2008թ.–ին նման աշխատանքներ էին տարվում ՀՀ ԶՈւ շատ ստորաբաժանումներում։ Եթե երկրի անվտանգությանը դա չի սպառնում, ապա ի՞նչն է սպառնում»,– ասաց Հայկ Ալումյանը։
Քոչարյանի փաստաբանը նաև վստահեցնում է, որ զինվորականների ու ցուցարարների միջև անմիջական շփում չի եղել։ Այս մասին, նրա խոսքով, վկայում է այն հանգամանքը, որ մարմնական վնասվածքներ են ստացել 187 ոստիկան ու ոչ մի զինվորական։
Քոչարյանը քաղբանտարկյալ է. ՀՀ 2–րդ նախագահի աջակիցները նամակներ հանձնեցին դեսպաններին
Ինչ վերաբերում է ԼՂ–ից Երևան զորք տեղափոխելու մեղադրանքներին, Ալումյանը չցանկացավ այս թեմայի շուրջ շատ տեղեկություններ հրապարակել` հիշեցնելով, որ այդ խնդիրը քննարկվել է նաև դատական նիստի դռնփակ հատվածում։
«Այնտեղ կա բան, որ ես իրավունք չունեմ ասելու, քանի որ դա դռնփակ նիստում է եղել։ Բայց ես ասում եմ բան, որի իրավունքը ես ունեմ` բացի ՀՀ ԶՈւ–ից որևէ այլ զինվորական այդ օրը Երևան քաղաքի որևէ հատվածում այդ գործողություններից որևէ մեկին ներգրավված չի եղել։ Դատական դռնփակ նիտում մենք սա ապացուցեցինք։ Դատախազությունը ընդունեց այն, ինչ մենք ասացինք»,– ասաց Ալումյանը։
Քոչարյանի փաստաբանը հայտարարեց, որ այս հարցի շուրջ իրենց դատավարական հակառակորդները փորձում են սպեկուլյացիաներ անել, բայց առ այսօր դա նրանց չի հաջողվել։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։