«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իր թիմակիցների մի մասի վրա. պատճառը Ամուլսարի հարցում բավարար աջակցություն չունենալն է։
«Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իրենց թիմի այն անդամների և հատկապես պատգամավորների վրա, որոնք Ամուլսարի թեմայով հակադրվեցին իրեն։ Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում»,- գրում է թերթը։
Թերթի տեղեկություններով` այժմ մտածում են՝ ինչպես պատժեն դեմ դուրս եկածներին։ Թեև հասկանում են, որ դա հեշտ չէ, քանի որ խմբակցությունից չեն կարող հեռացնել և չեն ուզում ֆրակցիոնիզմի հող ստեղծել․ այս փուլում դա կվնասի հազար խնդիր ունեցող իշխանություններին։
«Բայց պատժի շուրջ մտմտում են, և չի բացառվում, որ անհատական գործողություններ մտածեն, որպեսզի հետայսու թիմը հասկանա՝ վարչապետի խոսքին ու կամքին հակառակվելը հղի է ծանր հետևանքներով»,- նշված է թերթում:
Նշենք` Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Հիշեցնենք` օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ջերմուկ` Ամուլսարի խնդիրը քննարկելու համայնքի բնակիչների հետ։
Վարչապետը նշեց, որ հանքի շահագործման շուրջ վերջնական որոշում չկա։ Փորձաքննության եզրակացության մեջ կան պարզաբանման անհրաժեշտ հարցեր։
Դրանց վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու համար Փաշինյանը խոստացել էր օգոստոսի 24-ին օն–լայն քննարկում կազմակերպել «Էլարդի»` փորձաքննությունն իրականացրած մասնագետների հետ, որը հետաձգվել է, և ըստ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, տեղի կունենա այս շաբաթ, որի ընթացքում նրանք պետք է պատասխանեն բոլոր վիճելի հարցերին։
Փաշինյանը Ջերմուկում նաև հայտարարել էր. «Եթե պարզվի, որ մեր ջուրը կեղտոտվում է, եթե պարզվի, որ մեր օդը կեղտոտվում է, եթե պարզվի, որ մեր խոտը կեղտոտվում է, եթե պարզվի, որ մեր հողը աղտոտվում է, հանքը չի կարող աշխատել։ Բայց եթե պարզվի, որ խնդիրն այն է, որ պատուհանից մի հատ տանիք է երևում, դա, կներեք, արդեն ուրիշ խնդիր է, դա պետք է քննարկենք»։