ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Ինչպես հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, օգոստոսի 16-ին ժամը 19:39-ին Տոնաշեն-Երեք Մանկանց վանքի ճանապարհահատվածի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մ գլորվել ձորը:
Ավտովթարի հետևանքով զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, վարորդ Գագիկ Բաղունցը (ծնվ․ 1976թ․)։ Տարբեր մարմնական վնասվածքներ ստացած 4 ուղևոր տեղափոխվել են Մարտակերտի երկու բժշկական կենտրոններ: Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռուսլան Բաղունցը (ծնվ.1977թ.), տեղափոխվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: «Մարտակերտի շրջանային բժշկական միավորում» ՓԲԸ են տեղափոխվել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Արտաշես Ավագյանը (ծնվ.1987թ.) և ՌԴ բնակիչ Էրիկ Բաղունցը (ծնվ.1980թ.), Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի բնակիչ Գագիկ Գրիգորյանը (ծնվ.1979թ.), վերջինս այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Գագիկ Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս երկու վիրավորներինը՝ միջին ծանրության: