Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին ելույթին ու մասնավորապես նշել, որ Փաշինյանը մեկուկես տարի է, ինչ վարչապետ է, և աշնանը նրանից կատարված աշխատանքների հաշվետվություն են պահանջելու:
«Վարչապետը նշում էր, որ ունի կախարդական փայտիկ և շատ կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների կհասնի, եթե լինի իշխանափոխություն: Փաշինյանը նշում էր նաև, որ լինելու են ներդրումներ, բայց այսօր տեսնում ենք, որ այդ ծավալի ներդրումներ չկան: Նշում էր, որ մեկ տարի անց բյուջեն կավելանա 800 հազարից 1 միլիոն դոլարով, ինչը նույնպես տեղի չունեցավ: Բազմաթիվ այլ խոստումներ նույնպես չիրականացան»,-փաստում է Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ միաժամանակ երկրորդ նախագահը հարցազրույց տվեց և հայտնեց, որ աշնանն ակնկալվում են ակտիվ գործողություններ: Ահա այդ համատեքստում վարչապետը փորձեց իր PR քայլով չեզոքացնել հաշվետվություն տալու՝ պահանջված գործընթացը:
«Մասնավորևապես, նա իբր մի գաղտնի փաստաթուղթ «հայտնաբերեց», չնայած, եթե նման փաստաթուղթ լիներ՝ վաղուց պետք է հրապարակած լիներ: Դա ինչ-որ պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ չէր: Վարչապետը վկայակոչելով այդ փաստատթուղթը՝ նշեց, որ վերջին 30 տարիներին երկրում ոչինչ չի եղել, և ինքը 0-ից է սկսում ու վերցրեց մի ժամանակահատված, թե ինչ պետք է անի մինչև 2050 թվականը: Փաստորեն, Փաշինյանն անուղղակիորեն հասկացրեց, որ աշնանը պետք չէ հաշվետվություն պահանջել, որովհետև բոլոր պետական ինստիտուտները չեն գործել, հետևաբար, ինքը չի կարող ապահովել այն խոստումները, որոնք տվել էր նախապես»,-նշում է Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ 31 տարի անց դժվար կլինի վերհիշել, թե Փաշինյանը 2019 թվականի օգոստոսին ինչ խոստումներ էր տվել: Հետևաբար, վարչապետի խոսքերը հիշվելու են մեկ շաբաթ, ոչ թե 31 տարի:
«Այդ պատռճառով էլ Փաշինյանը նոր ժամանակահատված նախանշեց, որից հետո կներկայացնի հաշվետվություն: Վարչապետը պարզապես ավելի ճոխ խոստումներ է տվել, քան ՀՀ երրորդ նախագահը: Համահայկական խաղերի բացումը Ստեփանակերտում էր, և դա բավական լավ առիթ էր PR արշավն իրականացնելու համար: Սա փորձված տեխնոլոգիա է մտքերն ու գաղափարներն ավելի լայն լսարանի հասցնելու համար: Ի դեպ, ընտրական գործընթացում էլ կային որոշակի խոստումներ՝ կապված Ղարաբաղում տեղի ունենալիք ընտրությունների հետ, սակայն այս հանգամանքը երկրորդական էր»,-վերլուծում է Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ նույնպես քաղտեխնոլոգը հակասություններ է տեսնում: Երբ նշվում է, որ Արցախը Հայաստան է և վերջ, այդ դեպքում վարչապետն ինչո՞ւ էր անցյալ տարի պահանջում, որ Արցախն ինքնուրույն մասնակցի բանակցություններին՝ որպես առանձին սուրբյեկտ: «Եթե հայտարարում ենք, որ Արցախը Հայաստան է, ինչպես Լոռվա կամ Շիրակի մարզը՝ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է հայտարարել, որ Հայաստանի մաս հանդիսացող տարածքը չի կարող որպես առանձին սուբյեկտ մասնակցել բանակցային գործընթացին: Այնպես որ, վարչապետի խոսքերն ամբողջությամբ հակասության մեջ են մտնում իր նախորդ հայտարարությունների հետ»,-նկատում է Արմեն Բադալյանը:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն. Թումանյան
Վարչապետն իր ելույթով ակնարկում էր, որ Արցախում նույնպես ընտրությունները պետք է լինեն ժողովրդավարական, և Հայաստանն իր հերթին պետք է տեր կանգնի Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին՝ թույլ չտալով, որ այնտեղ հարցերը լուծվեն ուժային մեթոդներով: Օրինակ՝ պոտենցիալ թեկնածուներից մեկը խոստանում է, որ պահանջելու է Բակո Սահակյանի հրաժարականը՝ նախանշելով Արցախի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններ: Քաղտեխնոլոգի խոսքով՝ վարչապետն ակնարկեց, որ նման գործընթացներ տեղի չեն ունենալու, ինչպես նաև հասկացրեց, որ դրսի ուժերը չպետք է միջամտեն այս գործընթացին: