Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետի և օպերլիազորի կողմից կաշառք պահանջելու ու ստանալու դեպքը։
Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, նրանք, առանց հիմքի ու առանց փաստաթղթավորման, 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում բնակվող, կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի մի քաղաքացու։ Սպառնացել են նրան արտաքսել Հայաստանից ու անհիմն պատասխանատվության ենթարկել։
Արդյունքում` Հնդկաստանի քաղաքացուց պահանջել են 20.300 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ կաշառք։ Ապա իրենց ծանոթի օժանդակությամբ և տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3.700 դոլար։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հուլիսի 31-ին հարուցվել է քրեական գործ: Երկու պաշտոնատար անձինք և նրանց հանցակիցը ձերբակալվել են:
Քրեական գործի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: