ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ. ցուցանիշը եռակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 7-ն արձանագրվել է կրթության, 20-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ կադաստրային, 4-ը՝ բնապահպանության, 1-ը՝ առողջապահության, 3-ը՝ սոցիալական ապահովության պետական ծառայության, 1-ը՝ տրանսպորտի և կապի, 1-ը՝ պետական գույքի կառավարման ոլորտներում»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, ստանալու տեսքով:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված 8 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 45.2մլն ՀՀ դրամ: Պատճառված վնասը վերականգնվել է՝ կազմելով 44.6 մլն ՀՀ դրամ:
Բացի այդ, Գեղարքունիքում 2019–ի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 12 քրեական գործերով 23 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 6–ը համայնքների ղեկավար են եղել, իսկ 1–ը` դպրոցի տնօրեն:
Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով հարուցվել է 2 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 68.7մլն ՀՀ դրամ։ Վերոհիշյալ գումարից 30 մլնը վերականգնվել է. միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: