ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ԵՊՀ պատմության մեջ ուշագրավ «նոու-հաու» է գրանցվել. համալսարանի 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը դատի է տվել համալսարանին, և հիմա ինքն է և՛ պատասխանողը, և՛ հայցվորը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Ամիսներ առաջ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր աշխատանքից և դատի տվել համալսարանին` աշխատանքի վերականգնվելու և հարկադիր պարապուրդի գումարը ստանալու պահանջով՝ տեղեկանում ենք «Դատալեքսից»: Քանի որ հիմա Գևորգյանը բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, հիմա, փաստացի, դատարանում և՛ պատասխանողը, և՛ հայցվորն ինքն է»,–գրում է թերթը։
«Հրապարակի» աղբյուրը թերթին ասել է, որ Գեղամ Գևորգյանը երևի չի հավատում, որ մնալու է ռեկտորի պաշտոնում, քանզի պետք է ռեկտոր դառնա Հովհաննես Հովհաննիսյանը։ Սրա համար էլ Գևորգյանը փորձում է պրոռեկտորի աթոռը պահել և համալսարանից ստանալ մի քանի միլիոնի հասնող գումար։
Գեղամ Գևորգյանը չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: ԵՊՀ-ից էլ «Հրապարակին» ասել են, որ նա արձակուրդում է, մեկնել է Իսպանիա։
ԵՊՀ 100–ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ է. ռեկտորի հրաժարականի տեսանյութը
Հիշեցնենք, որ Գևորգյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին դատի էր տվել, քանի որ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից` իր հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։ Դրանից հետո` մայիսի 23–ին, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել։
Մայիսի 30–ին Գեղամ Գևորգյանը բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել։