ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները խնդրի առաջ են կանգնած` տարկետում չեն կարողանում ստանալ, քանի որ գնահատման 20 բալանոց համակարգի հետ կապված տարբերություններ կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բուհի մագիստրոս Վահե Թումանյանը։
«Խնդիրն այն է, որ մեզ 19 և 20 գրեթե չեն նշանակում, քանի որ ֆրանսիական գնահատման համակարգում էլ է այդպես։ Ֆրանսիայում տարվա մեջ շրջանավարտների շարքում առավելագույնը մեկ հոգի կարող է 19 ստացած լինել։ Դրա համար էլ մեր բուհի ղեկավարությունը որոշել է 14 ստացողներին արդեն իսկ գերազանցության դիպլոմ տալ։ Խոսքը հայկական դիպլոմների մասին է, քանի որ մենք նաև ֆրանսիական դիպլոմ ենք ստանում»,–ասաց Թումանյանը։
Նրա խոսքով` կառավարության 2018թ.-ի ապրիլի 12-ի որոշման համաձայն, երբ տարկետում ստանալու կարգը փոխվեց, և այն սկսեց տրամադրվել գիտության և կրթության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցողներին, Ֆրանսիականի ուսանողները կանգնել են փաստի առաջ։ Ըստ Թումանյանի` ինքը բուհն ավարտել է 16.2 բալով, ստացել գերազանցության դիպլոմ ու դիմել կրթության նախարարություն՝ տարկետում ստանալու համարՆախարարությունից, սակայն, մերժել են այն տրամադրել` պատճառաբանելով, որ բալերը ցածր են։ Խնդրի մասին ուսանողը դիմել է բոլոր ատյաններին` Կրթության, Արտաքին գործերի նախարարություններ, բուհի ղեկավարություն, սակայն մինչ օրս հարցին որևէ լուծում չի տրվել։ Թումանյանը նամակով դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ «սայլը տեղից այդպես էլ չի շարժվում»։
«Խնդիրը ծառայությունից խուսափելը չէ, այլ այն, որ կառավարության որոշումն ընդունելիս հաշվի չեն առել միջպետական բուհերի ուսանողներին։ Խնդիրն այն է, որ մեր իրավունքներն են խախտվում։ Երբ այս ամենի մասին ներկայացրի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` նա ինձ ասաց, որ բացառություններ չեն լինելու, և երբեմն կյանքը կարող է նաև անարդար լինել»,–ասաց ուսանողը։
Բուհի նախկին ուսանողներից մեկ ուրիշն էլ` Ագնեսա Գասպարբեկյանը, հայտնեց, որ Ֆրանսիական համալսարանը 2011թ.-ից մինչ օրս հավատարմագրում չի անցել։ Ուսանողի խոսքով` ճիշտ է, ինքը խնդիր չի ունեցել, սակայն չի ուզում, որ հետագայում սրա հետևանքով մյուսները խնդիրների առջև կանգնեն։
«Բացի այդ՝ պարզվել է, որ մեր բուհը Որակի ազգային կենտրոնի կողմից հավատարմագրված չէ և չգիտենք` հետագայում ինչ խնդրի առաջ կարող ենք կանգնել սրա պատճառով»,–ասաց նա։
Բուհի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Լենա Գյուլխասյանն էլ հայտնեց, որ եթե իրենց բուհը միջազգային չափորոշիչներին համապատասխանող դիպլոմներ է տրամադրում ուսանողներին, չի կարող հավատարմագրված չլինել։
«Մեր բուհի ուսանողները սովորում են արտերկրում, աշխատում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում, և այսքան ժամանակ որևէ խնդիր դիպլոմի հետ չի եղել։ Հնարավոր չէ, որ բուհը հավատարմագրված չլինի»,–ասաց նա։
Հայ մարզիկը բանակ չի զորակոչվի
Նշենք, որ բարձրացված խնդիրների մասին առաջիկայում կներկայացնենք ինչպես նախարարության, այնպես էլ բուհի տեսակետը։